четверг, 27 декабря 2018 г.

Ամեն ինչից առաջ դու ընկեր եղար ինձ։ Որ ոչ միայն թիկունքիս ետևում թաքնվում էր աշխարհից, այլև աշխարհին դեմ գնալու պահերին թիկունքս էր դառնում։

Ես չգիտեմ մեկին այդքան սիրող, որ, եթե խնդրեմ, կլինի ընկերս։ Որ չի պահանջի խոսել սիրո մասին երբեք ու չի նահանջի լռություն ստանալիս այն պահին, երբ իրեն ամենից առաջ սիրվել է պետք։

Չգիտեմ մեկին այդքան սիրուն, որ, եթե խնդրեմ, ինձ սիրելով կայլանդակի երեսի համաչափ շպարը։ Որ եթե ուզեմ էլ կեղտոտել՝ իմ աչքին միշտ նույն մաքուրը կմնա։

Ես չգիտեմ այդքան նվիրված մեկին, որ, եթե պահանջեմ, իր ժամանակն ու հարստությունը, իր երազանքներն ու ապագան կնվիրի ինձ։
Բայց երբ ցանկանամ հեռու մնալ, իմ հետևից չի աղաղակի՝ մնա մոտս։ Իմ հետևից չի վազի՝ պահանջելով տվածը։
Ինձ բաց կթողնի, ազատ կթողնի, բայց չի թողնի երբեք մենակ։

Ամենից առաջ դու ընկեր եղար ինձ։ Եղար ամեն ինչ՝ ընկերս լինելով։

Չգիտեմ ես մեկին, ում ներկայությունն այդքան հանգիստ է, իսկ բացակայությունը՝ այդքան քաոս։

Չգիտեմ, ես չգիտեմ մեկին, որ, եթե ասեմ՝ ապրի՛ր առանց ինձ, կապրի։ Ու կսպանի ինձ այն միտքը, որ ես ինչ էլ ասեմ՝ անելու ես։
Բայց միայն այդ հիմար տողը ես կասեմ քեզ այն պահին, երբ առանց քեզ ապրելուն ինքս արդեն սովոր չեմ լինի։

 Սյու Դալյան

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...