суббота, 27 июля 2013 г.

Մենք ծանոթ ենք միայն հհեռախոսով

Մենք ծանոթ ենք միայն հհեռախոսով, և 
Չենք տեսել իրար մինչև այսօր ,
Բայց այնպես ենք հիմա իրար կարոտ
Ինչպես սիրահարներն ամենամոտ

Երբ ամեն օր իրար զանգ ենք տալիս,
Թվում է, իրար կյանք ենք տալիս,
Իսկ երբ մեկիս զանգ չկա՝
Թվում է, իսկապես կյանք չկա...

Ճիշտն ասած, չեմ ուզում՝ շուտ հանդիպենք 
Վախենում եմ՝ հանկարծ հիասթափվենք....

Aramayis Sahakyan

пятница, 26 июля 2013 г.

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող...
Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։
Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան. 
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման

* * * *

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ։
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ։
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կդիանա անսուտ հրճվանքով։
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով։

Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին —
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին։
Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր—
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր։—
— Ողջո՛ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՛ւն քեզ, հեռավոր եղբայր.
— Ողջո՜ւյն ձեզ, վաղվա չծնված կյանքեր։
— Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի...

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դու արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու,
Ու լռել է երգը քո արդեն հիմա,
Բայց զգում է սիրտս, որ նորի՜ց կգաս դու,
Երբ իջնի գիշերը ու անձրևը լա։
Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
Անցածի փշերը դառնորեն խոցեն—
Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
Որ վերջի՜ն մեր սերն է աշխարհում գուցե։
Որբ, մենակ կգաս դու և նորից քո երգը
Կվառե սրտում մեր կարոտանք ու սեր.
Անարև սրտում մեր կվառե քո երգը
Երազներ անմար ու ցնորքներ լուսե։
Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՛ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան...

Հիմա հիշում եմ

Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած,
Լուսազարդ ու թևավոր օրերս հին ու անցած։
Եվ թվում է, թե նոքա կարկաչելով պիտի գան—
Մանուկների նման հուր — օրերս հին ու անցած։
Բայց գալիս են նոքա լո՜ւռ, ու հոգնաբեկ, ու տխուր,
Անցորդների պես մոլոր — օրերս հին ու անցած։


Պանդուխտների նման այն, որ հեռացել են վաղուց —
Տուն են դառնում նորից նոր — օրերս հին ու անցած։

Եվ նստում են, հոգնաբեկ, ահա սրտիս վրա ծեր
Ու հորանջում են տխուր — օրերս հին ու անցած։


Եվ չեն կանչում ոչ-ոքի. մտորում են ու լռում.—
Քո՜ւն են փնտրում ու անդորր — օրերս հին ու անցած։

Խավար է, գիշեր է

Խավար է, գիշեր է։ Մթում սպասում եմ։
Սենյակս անլույս է ու լուռ է գիշերը։
Գիշերը մթի մեջ հոսում ու խոսում է.
Կասկածը ու ահը իմ սիրտը մաշել են։
Լռել եմ։ Լսում եմ։ Անծա՜յր է գիշերը։
Իսկ մութը մանվում է, մանվում է, մանվում է։
Իսկ սիրտս բոլո՜ր այն ահերը հիշել է.
Ահով ու մահով, ախ, լցվել է իմ տունը։
Պոկում են ծերպերը։ Մթում քրթմնջում են։
Անտես փսփսում են — ու սիրտս լսում է։
Գաղտնիք է ու ահ է ամեն մի հնչյունը—
Մահո՜ւ պես դժվար է անլույս սպասումը...

* * *

Աղմկում է իմ սրտում ամեն գիշեր մի կարոտ,
Աղմկում է որպես խուլ ու հեռավոր մի քամի,
Աղմկում է մինչև լույս, գանգատվում է վարանոտ 
Ու ժամերն է հաշվում իմ, վայրկյանները մի առ մի։

Գիշերի մեջ լռանիստ աղմկում է անորոշ,
Խո՜ւլ ծփում է իմ սրտում, և ուղեղում, և հոգում.
Ու թվում է, թե նրա երգը ուրի՜շ, մի՛ ուրի՜շ 
Աշխարհից է մոտենում հեռուներին իմ հոգու։

Զարթնում է մեջս հանկարծ հազարամյա մի քաոս,
Ծփում է հորդ, տարուբեր, օվկիանի պես վարար,
Ժամանակի պես անդեմ, մշտահոլով, մշտահոս,
Զառանցանքի պես շփոթ, ու անհաստատ, ու խավար։

###

Օ, սի՜րտ իմ, դու լուռ ես ու երգդ տխո՜ւր է.
Բոլո՜ր իմ հույսերը ջարդել ես հիմա։
Գարնա՛ն պես, ծաղկանց պես անցել է քո հուրը,
Ու հովը թաղում է վարդերս հիմա...

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ

Մենք երկո՛ւսս էլ, մենք երկո՛ւսս էլ անվերադարձ աշխարհում
Ապրում ենք, կանք, գնում ենք — ո՞ւր, միևնո՛ւյնն է մեր հեռուն:
Կանգնիր, անցորդ։ Կանգնիր։ Նայենք։ Նայենք իրար — գուցե՜ մենք
Հանկարծ ժպտանք՝ չճանաչված մի բարեկամ ճանաչենք:
Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ,
Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկե՛ ժպիտ մի կրակ։
Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք— ու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ…
Ե՛ս էլ կանցնեմ — տրտում, մենակ,— ու կգնամ իմ անծայր
Երազ-ճամփան, որով դու էլ այս իրիկուն կո՜ւյր անցար:
Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկա՜ր քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ։
Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրակուն էր ու մշուշ...

####

Եվ գերեզմանս երբ փակվի ինձ հետ—
Մեղքս կմոռնան, սիրո խոսք կասեն,—
Եվ անցած կյանքս կդառնա լեգենդ՝ 
Օրերիս նման անդարձ ու վսեմ...

Գիտեմ, որ մի օր

Գիտեմ, որ մի օր կմեռնեմ ես էլ
Ու կվերջանա իմ կյանքի ուղին։
Մոռացած բոլոր երգերս լուսե՝
Կհանձնեն ինձ էլ արգավանդ հողին։
Արևը նորից անհոգ կխնդա՝
Փռելով չորս դին լուսավոր գանձեր։
Եվ մայրս անգամ էլ չի՛ հավատա,
Որ եղել եմ ես, ապրել ու անցել։

Գիշերը ամբողջ

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն
Արևանման, արնավառ խոսքի,—
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
Խոսքեր չկային ու արև չկար...

Հրաշք-աղջիկ

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ...

Սև շուշան։

Դառը կյանքի խավարում,
Ուղիներում իմ դաժան
Սրտիս ժըպտաց քո հեռուն,
Տխուր ծաղիկ, սև շուշան։
Շարժումներըդ երերուն
Եվ հայացքըդ վշտագին.
Վհատության օրերում
Կախարդեցին իմ հոգին։
Ես սիրեցի մենավոր
Տխրությունը քո անխոս,
Ուղիներում հեռավոր
Արշա լուսվող ււև փարոս։
Մոլորումիս գիշերում
Հոգիս գերեց մի նշան,
Դու ես այստեղ ու հեռվում,
Ցնո՛րք ծաղիկ, սև շուշան…

ԳՈՒՑԵ.

Գուցե ոչ հիմա, գուցե ոչ այսօր 
Քեզ ինչ-որ մեկը օգնի հասկանալ, 
Որ այն, ինչ այստեղ արժեք է հզոր,
Ոչինչ է կյանքում հավիտենական:

Գուցե երկնային ինչ-որ հրաշքով
Սիրտդ արթնանա լեթարգիկ քնից,
Հոգուդ լուսավոր կետերը վառվեն
Ու ներսդ մաքրեն թանձր խավարից:

Եվ այնժամ գուցե հանկարծ հասկանաս, 
Որ փուչ են եղել իղձերդ բոլոր,
Սրտումդ գուցե նոր իղձեր ծնվեն

понедельник, 8 июля 2013 г.

Իմ մահով ոչինչ չի փոխվի

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում, 
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,- 
Մի լույս կմարի հինգերորդ հարկում, 
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։ 


Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։


Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

*****

Ես պղտորված մի վտակ,
Դու մոլորված մի առու,
Չեմ էլ հիշում,թե ինչպես
ՈՒ երբ գտանք իրարու:
Հազար քարեր փշրելով
Ճանապարհին մեր հեռու`
Փշրվեցինք քարերին
ՈՒ փշրեցինք իրարու:
Ծովին հասանք ու գտանք
Ինչ որ բախտն էր մեզ տալու,
Բայց չիմացանք,որ արդեն
Կորցրել ենք իրարու:

Առանց քեզ մեռած եմ գիտե՞ս

Մի բարակ-բարակ թախիծ,
Որ բարակ մի ծուխ է կարծես,
Փռվել է տան կտուրին,
Կտուրից իջել պարտեզ

ՈՒ եկել, եկել, եկել,
Բացել է դուռն ու մտել ներս...
Եվ գիտե՞ք ինչ է ասում.
Առանց քեզ մեռած եմ գիտե՞ս...

Ի՜նչ անեմ, մայրիկ

Մայրիկ, ինձ հաճախ 
Ապտակում էիր 
Սխալիս համար 
Եվ սաստում էիր, 
Որ լաց չլինեմ։ 
Բայց ցաված տեղս 
Համբուրում էիր 
Եվ իմ փոխարեն 
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ա՜խ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ի՜նչ անեմ, մայրիկ:

Դու չլինեիր

Դու չլինեիր այդքան անթերի,
Ես չլինեի այսպես ավերակ...
Դու չուշանայիր, ես չշտապեի,
Եվ աշխարհ գայինք միաժամանակ:
Եվ այն ժամանակ թող հանդիպեինք,
Եվ ի՞նչ կլիներ, տես, այն ժամանակ...

**********

Ժպտացիր, հետո...
Հետո թափ տվիր թաշկինակդ թաց,
Եվ թաշկինակիդ ծաղկավոր քամին,
Որ շորերդ ի վար ընկավ, թփրտաց,
Մոլորվեց դեղին տերեւների տակ,
Կանաչ խուտուտից արթնացել հիմա,
Արցունք ու ժպիտ, արցունք ու ժպիտ
Եվ շշուկներ է ասեղնագործում
Մանուշակների թերթերի վրա

***

Ես քեզ ինչպե՞ս հասկանամ,
Դու այնպես բարդ ես,
Մերթ բռնակալ, մերթ հլու
Մի թիապարտ ես:

Դու ինձ ներել չես կարող
Մեղքերիդ համար,
Այդպես էլ է պատահում ,
Ի՞նչ արած, մարդ ես:

Եթե ես մի օր աշխարհից գնամ

Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ո՞ւմ հառաչից ես դու վեր թռնելու,
Ո՞ւմ թևերով ես վեր-վեր թռնելու,
Հոգին առնելու առանց պատճառի։

Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ո՞ւմ աչքերով ես քեզ ճանաչելու,
Բռիդ մեջ առած ո՞ւմ ես տանջելու,
Ո՞ւմ ես խաչելու հիսուսավարի։

Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Էլ ո՞ւմ հովերն են քեզ օրորելու,
Ո՞ւմ խոսքի մեջ ես սուտ որոնելու,
Ճշտելով տեղն ու տարազը տառի։

Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Էլ ո՞ւմ գլխին ես կրակ թափելու,
Ո՞ր անտերին ես քեզ տեր կարգելու
Եվ շնորհելու կոչումն անճարի։

Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ո՞ւմ ես անդադար ահաբեկելու,
Ո՞ւմ սուտ մեղքով ես մեղքդ հերքելու,
Ո՞ւմ ես գցելու բերանն աշխարհի։

Ամեն ինչ երազ է եղել

Ամեն ինչ երազ է եղել,
Մի խառն ու խանգարված երազ:
Ոչ ես եմ արտասուք հեղել,
Ոչ դու ես ծիծաղել վրաս:
Ոչ ես եմ մահերով անցել,
Ոչ դու ես հառաչել հեռվից:
Ոչ դու ես տնից գնացել,
Ոչ ես եմ տուն եկել կռվից:
Ոչ դու ես հեռվից մեղանչել,
Ոչ ես եմ ամաչել հեռվից,
Ոչ դու ես հեռվից ճանաչել,
Ոչ ես եմ քեզ կանչել հեռվից:
Ոչ ես գնալով պաղել,
Ոչ դու ես մնացել անհաս.
Ամեն ինչ երազ է եղել,
Մի խառն ու խանգարված երազ:

Երազիս մեջ

Երազիս մեջ ես ինձ տեսա քո աչքերով,
Քո աչքերով, քո աչքերով ճանաչեցի։
Երազիս մեջ ես մեռա ինձ անիծելով,
Երազիս մեջ ես ինձանից ամաչեցի։

Երազիս մեջ քեզ խղճացի հազար անգամ,
Հազար անգամ քեզ ներեցի երազիս մեջ,
Եվ զարմացա, ավելորդ է ասելն անգամ,
Թե ես ինչպե՞ս համբերեցի երազիս մեջ։

Երազիս մեջ համբերեցի։ Բայց արթնացա
Եվ հասկացա, որ վաղուց ես ինձ սպանել...
Ես մեկն էի, ինչպե՞ս է, որ երկու դարձա.
Միտք եմ անում... ու չեմ կարող լուսաբանել։

Ես հարուստ էի

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի երազանքներով
Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։
Բայց դու երկնքի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք
Իմ կապույտ–կապույտ
Արտասուքները սրբելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ վերհուշերի անհուն պաշարով
Գնել աշխարհի ծովերը բոլոր
Ու տալ քեզ նվեր,
Բայց դա ծովերի կարիք չունեիր,
Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝
Մազերիդ վրա
Մատներիս մեղքը տեսնելու համար։

Դու ուզեցիր

Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
Ու ես անտեր մնամ։
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
Ու քեզ ընկեր մնամ։

Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց բո բախտի համար
Արևագալ լինեմ։

Стас Пьеха и Григорий Лепс____ Она не твоя


 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...