четверг, 16 октября 2014 г.


Սերը ծնվեց հանկարծակի: Սերը այդպես է ծնվում: Քնում ես, արթնանում և երբ ցանկանում ես նորից քնել, տեսնում ես, որ քունդ չի տանում, որովհետև մի լավ աղջիկ այն փախցրել է: Մտնում է կոպերիտ տակ, կարկաչում է ականջներիտ մեջ, հուշիկ-հուշիկ քայլում և քչփորում է սրտիդ ամենաթաքուն, նույնիսկ քեզ անծանոթ անկյունները: Զգում ես, որ քեզ բացում է քո առջև, զգում ես, որ դու հարուստ ես եղել և միայն նոր ես տեսնում քո հոգու անհայտությունից փրկված գանձերը: Միաժամանակ զգում ես, որ եթե նրան չկարողանաս սրտիդ մեջ պահել, ուրեմն նորից կաղքատանաս:

Մկրտիչ Սարգսյան «Կյանքը կրակի տակ»

Երբ դուրս ես եկել նրա հետ փողոց,
Բայց ոչինչ չունես արդեն ասելու,
Երբ էլ չես զգում մի ջերմ թրթռոց,
Եվ շատ է թվում ճամփան` անցնելու,
Երբ թեթեւ խոսքից վատ ես զգում քեզ
Ու նեղանում ես, զայրանում վրան,
Թեկուզ եւ հետո գրկե՜ս, համբուրե՜ս,
Զգա,որ արդեն չե՛ս սիրում նրան:

Երբ այն գրքերը, որ նա է կարդում,
Դու չե՛ս շտապում անհամբեր կարդալ,
Երբ այն. ինչ նա է սիրում, կարոտում,
Սիրո՛վ չես նայում ու մտերմաբար,
Երբ միա՜յն-միա՜յն նրան գրկելիս
Սիրահարված ես զգում անսահման,
Երբ չես կարոտում՝ դեռ բաժանվելիս,
Զգա,որ արդեն չե՛ս սիրում նրան:

Սերն ուրի՛շ բան է …Ու երբ դու թաքուն
Քո աշխարհն ունես, գաղտնիքները քո,
Երբ առանց նրա կարող ես կյանքում
Երջանիկ լինել քո հարկի ներքո,
Համեմատում ես երբ նրան անվերջ,
Երբ նկատում ես, որ լավերը կան,
Երբ նա միա՛կ չէ աշխարհում, քո մեջ-
ԶԳԱ, ՈՐ ԱՐԴԵՆ ՉԵ՛Ս ՍԻՐՈՒՄ ՆՐԱՆ…

Արամայիս Սահակյան «Երգ՝ չսիրելու մասին»
Ուզում եմ գգվել , փարվել փեշերիդ ,
Որ ծաղկավոր ու կարճ են անխնա ,
Բայց խոնարհվելիս արցունքի մի շիթ
Ընկնում է , մեռնում ծնկներիդ վրա :

Բաց են ծնկներդ , իմ թանկ սիրելի ,
Արևն է այրել սիրուց հոգեթով ,
Ուր են փեշերդ այն երանելի ,
Որ համբուրվել են ծովերի շուրթով …

Քեզ համար ոչինչ , ոչինչ չեմ արել ,
Դրա համար եմ տառապում հիմա ,
Ու թարթիչներով հյուսում եմ անթել
Քո կարճ փեշերին հավերժի հինա … ՄԵՏԱՔՍԵ

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...