Լռություն է: Խորունկ:
Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել:
Եվ լռել է այնպես, Ինչպես բառարանում բառն է լռում:
Եվ գիշերը չունի տասներկու ժամ,
Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս
Այս ասֆալտի՞ց արդյոք, Թե այս տրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում՝
Ինչ-որ հեքիաթական թրթուրի պես:
ՈՒրեմն անջատված է հոսանքն էլեկտրական:
«Անջատվա՜ծ է »:
Այս բառն ինձ դարձրել կշեռք
Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ:
Սակայն Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն....
ՈՒ՞ր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք:
Մագնիսական դա'շտ կա:
... Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ
, Եվ կանացի ձեռք է՝ ճյուղի նման ջարդված....
Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա՝ ես փոխում եմ ազգությու՜նս....
Կա՞: Պատասխան չկա: Լռություն է: ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
Բայց և լռությու'ն չէ: Համատարած ճի՜չ է:
Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց:
Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մե'կ բառով է լցված՝ «ԱՆՋԱՏՎԵԼ» -ով:
Եվ մե'կ միտք է հիմա մեջս գոռում - գոչում. -
Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե՜նտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «ԱՆՋԱՏՎԵԼ» բայը:
Թե կա՝ ես փոխում եմ ազգությու՜նս.....

Комментариев нет:
Отправить комментарий