Երեկոն փռեց իր թևերը մութ,
Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.—
Աչքերդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ:
Լայն ստվերները ընկան անաղմուկ,
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ...
Ես քեզ կպատմեմ ոսկե հեքիաթներ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...
Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ,
Մոռացիր կյանքի տառապանքը մութ,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ,
Ննջեցին անուշ երկինք ու երկիր.
Աչքերդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Ես քեզ կպատմեմ ոսկե հեքիաթներ
Комментариев нет:
Отправить комментарий