четверг, 12 апреля 2012 г.

Հանդիպում




Նուրբ ըստվերները փռվում են քնքուշ, 
Կապույտ խավարն է երկինքը պատում.— 
Անուշ վարդերից մնաց միայն փուշ 
Եվ ցնորքներից՝ վիշտ ու վհատում...
Ու մենք ուզեցինք դարձյալ հանդիպել,
Ահա — մեր հոգում խավար է և մահ, 
էլ ի՞նչ երազի պատրանքով խաբվել 
Եվ ի՞նչ խոսքերով զրուցել հիմա...
Քո արցունքները թափվում են ահա, 
Եվ դառն է լացըդ հուսահատական,— 
Քեզ ի՞նչ խոսքերով սփոփեմ հիմա, 
Ի՞նչ արցունքներով հիմա հեկեկամ...

ԹԱԽԻԾ



 
Ամայի փողոցում մեգ-մշուշ,
Լռություն է մեռած.
Կարոտ է իմ սիրտը քո անուշ
Գգվանքին, իմ երա՛զ...
Հեռավոր կողմերից, հեռավոր, 
Հայտնվի՛ր լուսավառ,— 
Անհուն է գիշերըս ահավոր, 
Եվ դժնի, և խավա՛ր։
Իմ սերը անարատ է ու խոր, 
Իմ հոգին՝ հնազանդ,— 
Ամոքիր իմ սիրտը մենավոր, 
Իմ թախիծը հիվանդ։
Մահից չեմ վախենում, գալիքին 
Նայում եմ հավատով,— 
Կարոտ է սիրտըս քո հմայքին 
Մաքուր ու հոգեթով։
Աղոթքըս պարզ է և նրբահյուս,— 
Մեռնողի վերջին կա՛նչ,— 
Հայտնվիր որպես լույս-արշալույս, 
Իմ հոգուն մահատանջ...
Ամայի փողոցում մեգ-մշուշ, 
Լռություն է մեռած.. — 
Հայտնվիր հմայքով քո անուշ, 
Իմ երա՛զ, իմ երա՛զ...

ԻՄ ԵՐԳԵՐԻՆ




Մարդոց երկրում անտարբեր, 
Ցուրտ աշխարհում, արդյոք ո՞վ 
Կընդունե ձեզ գգվանքով, 
Իմ երազնե՛ր, իմ երգե՛ր...
Այս օրերում ապական, 
Կյանքի անարգ խնջույքում — 
Ո՞վ կըգգվե կուսական 
Ձեր թախիծը իր հոգում։
Ո՞վ վշտաբեկ ու տրտում 
Կարձագանքե ձեր խոսքին,— 
Ձեր նվագը ցավագին 
Ո՞վ կըպահե իր սրտում...
Ո՞ւմ համար եք դուք հնչում, 
Մեղեդիներ սգավոր,— 
Արդյոք ո՞վ կա հեռավոր, 
Որ ձեր ցավով է տանջվում....


Տարիներն արագ, ամպերի նման, անցնում են անհետ,–
Մոխիր է հիմա իմ հոգում անուշ երազների տեղ.
Բոլոր հուշերը, բոլոր խոսքերը մարել են այնտեղ,
Եվ այն, ինչ քաղցր էր, մաքուր էր, երազ,– ննջել է հավետ։ 
 Երկար տարիներ իրարից բաժան, հեռու կողմերում, 
Դու ինձ մոռացած, ես քեզ հիշելով, կյանք էինք մաշում 
Դու ցնո՜րք, երա՜զ, անհաս թագուհի,– ես երկրի փոշում, 
Ես մեռա՜ծ, կորա՜ծ, մոլորվա՜ծ հավետ հեռավոր-հեռվում...

Մարել ես




Մարել ես արդեն, մեռել ես հավետ, 
Հեռավոր կյանքի երազների բոց,— 
Խավարն է գրկել հոգիս ալեկոծ, 
Եվ դեպի լույս ը չըկա արահետ...
Անդարձ օրերի ցնորական երգ, 
Դու վաղ ես լռել իմ ցաված հոգում.— 
Ես ինձ եմ թաղում և չեմ հեկեկում. —
Տանջանքի գիշե՜ր — և չըկա եզերք։
Իջել են մթին խոհերը վրաս, 
Սառն է հիմա իմ գիշերը անափ,— 
Էլ չկա ոչ մի լուսեղեն տագնապ, 
Եվ ոչ մի երազ, և ոչ մի երազ...

ՏԽՈԻՐ ԵՐԳ

Ցուրտ անձրևն է միգում
Հեկեկում, 
Տխրությունն է երգում
Իմ հոգում։
Ապագա, և՛ անցյալ, և՛ ներկա
Խառնվել են իրար 
Խավարել են օրերն արևկա. 
Եվ խելառ։
 Վիճակիս լծի տակ
Օրերում 
Ես շրջում եմ մենակ
Ու լռում։
Չեմ հիշում, մոռացել եմ արդեն
Այն խոսքերը բոլոր 
Հիմա կույր, հիմա համր եմ քո դեմ
Ու մոլոր...
Ցուրտ անձրևն է միգում
Հեկեկում, 
Տխրությունն է երգում
Իմ հոդում...

Այս գիշեր


Այս գիշեր նորից լալիս էր քամին
Իմ դռան առաջ, իմ պատերի տակ,
Սիրտըս լցված էր կարոտով հստակ,
Անուշ ցավով ու երգերով իմ հին։
Մի գարնան հեքիաթ, քո վրա հյուսված,
Հնչում էր դարձյալ իմ դյութված սրտում,
Եվ լուսեղեն էր գիշերըս արթուն,
Եվ սիրտըս տխուր սիրով էր լցված։
Չէի տրտնջում, որ անցել ես դու,
Անհայտացել ես օրերում մեռած,
Որ չըկաս արդեն, դարձել ես երազ,
Անդարձ ու անհաս, հեռո՜ւ և հեռո՜ւ.
..

Դու հասկացար



Դու հասկացար տագնապները իմ հոգու,
Տրտմությունըս անսպառ.
— Մենք առհավետ շղթայված ենք մեկմեկու։
Կյանքըս մութ էր, հոգիս ցաված ու խավար,
Եվ օրերըս — միայն ցավ.
— Իմ սև երկրում ժպտացիր դու լուսավառ...
Եվ քո փայլով իմ աշխարհը լուսացավ,
Չըկան վիհերն իր անել.
Քաղցր է հիմա, լուսավառված, խինդ ու ցավ
— Ո՞վ կարող է ինձ քեզանից բաժանել...

среда, 11 апреля 2012 г.

Ես չեմ ուզում


Ես չեմ ուզում քեզ հանդիպել,
Քեզ չեմ ուզում տեսնել անգամ,
Շտապում եմ ճամփաս թեքել,
Երբ իմ դեմ ես ելնում հանկարծ:
Ես ուզում եմ, իմ անձկալի
Իմ աչքի դեմ, իմ խորքերում
Այնպես մնաս, ինչպես այն հին,
Ձմեռային այն գիշերում:
Այնպես սիրող,այնպես նկուն
Աչքերիդ մեջ` կապույտ ու շող
Ու փաթիլի նման քնքուշ
Ու կրակի նման այրվող:
Երբ հալվում էր մի ողջ ձմեռ 
Տաք շշունջից քո շուրթերի
Այս լուսնի տակ չասված խոսքեր
Անկրկնելի, անկրկնելի:
Երբ թվում էր` կարող էիր
Մոռանալ քեզ, անուն ու փառք,
Աշխարհը մեծ, աշխարհն անծիր
Փռել փոքրիկ իմ ոտքի տակ...

***




Թե  ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ,
Ինչո՞ւ է ձմեռն այդքան գարուն,
Ձմռան արևն այդքան այրում,
Անխոս երկինքը`այսքան անհուն…




Թե դու չես սիրում, չես սիրում ինձ,
Հապա ինչո՞ւ են ձեր փողոցում
Այսքան սիրո՜վ իրձ ճամփա բացում
Անցորդներ, տներ, մայթեր ու ձյուն…

Ու թե չենք սիրում մենք իրարու,
Ինչո՞ւ են աստղերն այսքան անթիվ,
Այսքան գեղեցիկ գիշեր ու տիվ,
Աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ…

ԵՐԵԿՈ




...Եվ գիտես, կգա, կիջնի երեկո,
ՈՒ ցուրտ կլինի, կլինի մենակ,
Իսկ այրված կյանքիդ մոխիրները տաք
Ցրված կլինեն երկնքի ներքո:
Եվ ահա իջավ, իջավ երեկո,
ՈՒ մենակ եմ ես, հիրավի, մենակ.
Հեռու են ինձնից և որդի, և թոռ,
Իմ տագնապներին՝ անհաղորդ ու փակ:
Սակայն լցված է իմ տունն ու հոգին
Ծեր ու մանկանցով, ձայներով տարբեր,
Բազմություններ եմ զգում իմ կողքին,
Ինձ գրկող աչքեր, ինձ փարվող ձեռքեր...
Կին էի ծնվել՝ չդարձա՜ ես կին,
Մի կողմում մնաց բախտս կանացի,
Եվ ինչպես մարդու՝ սիրահարվեցի
Գգվանքի կարոտ իմ ժողովրդին:
Նրան տվեցի և երգ, և կրակ,
Ինձ օջախ դարձավ հայաշխարհ մի ողջ,
Եվ անթեղեցին ոգին նրա բորբ
Այրված իմ կյանքի մոխիրները տաք:
Հնչում են շուրջս օրհնանքի խոսքեր,
Ապավինումի շշնջումներ մաքուր.
Ո'չ, չցրեցի ես կրակս՝ զուր
Զուր չվատնեցի շնորհներ ու սեր:

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...