Մնաս բարով, և եթե պետք է հավիտյան,
Էհ, ինչ արած, հավիտյանս մնաս բարով:
Թեկուզ և դու լինես անգութ, երբեք սակայն
Սիրտս քո դեմ չի լցվելու ցասման հրով:
Ինչ որ չէիր կարող կարդալ դու այս կրծքում,
Որի վրա քո գլուխն էր հակվում լռին,
Երբ որ իջնում էր կոպերիդ խաղաղ մի քուն
Այսուհետև չես իմանա ամենևին…
Ես, անկասկած, գործել եմ բյուր հանցանք ու մեղք,
Բայց խոցելու համար այսքան դաժան ու խոր
Չէիր կարող գտնել ուրիշ, ուրիշ մի ձեռք,
Քան այն, որ ինձ պարուրել էր, գրկել մի օր:
Սակայն թող քեզ պատիր խոհեր չմոլորեն.
Սերն հանգում է դանդաղորեն,անգիտակից,
Մի հավատա, որ կարող են հանկարծորեն
Պոկել երկու սիրող սրտերը իրարից…
Մնաս բարով.
Այսպես, խզած ամեն մի կապ,
Քեզնից հեռու, կորցրած սեր ու ապավեն,
Խորշակահար, մեն միայնակ, տերևաթափ,
Ես ավելի մահանալ չեմ կարող արդեն:
Ջորջ Բայրոն
Комментариев нет:
Отправить комментарий