понедельник, 26 августа 2013 г.

Ժամն է արդեն, սիրելիս

Ժամն է արդեն, սիրելիս, եկ բաժանվենք մենք անձայն,
Ամեն մեկս մեր բախտին ու կորստին մեր հլու...
Ամառային խելահեղ այն ամպրոպները անցան,
Սիրտս խաղաղ է հիմա և ուժ ունի ներելու:
Աշնան հավքերը չվել, կարկաչել են երկնքով,
Եվ հոգնաբեկ ծառերից քամին տերև է տանում,
Համբուրելով է տանում ու տանում է քնքշանքով
Ու տանում է նա այնպես, ասես շնորհ է անում:
Այս կարոտի ցավի հետ ես մտերիմ եմ վաղուց,
Ծանոթ ու լավ եմ ծանոթ, աշնան քամու արածին...
Ինչ տխո՛ւր է, երբ բարակ, անգույն անձրև է մաղում,
Երբ խանդի շանթը չկա, ու ներում են սիրածին...



Վահագն Դավթյան

Ես հաշտ էի ապրում

Ես հաշտ էի ապրում իմ բախտի հետ
Ու տարբերում հստակ չարն ու բարին,
Բայց դու ինչո՞ւ եկար, իմ սեթևեթ,
Ու կանգնեցիր սիրուս ճանապարհին:
Ինչո՞ւ եկար, որ ես ոչինչ, ոչինչ
Չհասկանամ նորից պատանու պես,
Ոչ հայացքները քո խրթին ու ջինջ,
Ոչ հմայքները քո և չար և հեզ:
Ինչո՞ւ եկար, որ ես երազանքիս
Շքեղ գաղտնարանը նորից բանամ,
Ծիածաններ, գույներ հանեմ անգին,
Քեզ զարդարեմ ու լուռ սքանչանամ:
Որ քեզ հանեմ լուսե մի բարձունքի
Ու կերպարանքը քո լույսով ցողեմ,
Մաքրության մեջ վճիտ իմ արցունքի
Ամբողջ քո հասակը արտացոլեմ:
Եվ որ հետո, հետո բերեմ քեզ վար
Իբրև իմ իսկ ձեռքով կերտված բագին…
Ես հաշտ էի ապրում, ինչո՞ւ եկար
Ինձ մատնելու այս հին տառապանքին:


Վահագն Դավթյան

Ես չգիտեմ


Ես չգիտեմ, ի՞նչ ես շահում
Քո քմահաճ խաղից,
Բայց ես՝ մի ողջ պատանություն
Ու մի մաքուր թախիծ:
Գուցե հրճվում ես դու թաքուն,
Որ հանգիստս տարար,
Իսկ ես աչքերս եմ լուռ փակում
Ու իմն է լույսն արար:
Գուցե շոյում է քեզ սրտիս
Շփոթմունքը վրդով,
Իսկ ես հարուստ եմ սիրելիս,
Իմ շփոթված սրտով:
Գուցե դու չար սատանությամբ
ծիցաղում ես, խաբում,
Իսկ ես գտած պատանության
Երկինքներն եմ չափում:
Բայց սիրելիս, ինչ էլ լինի,
Եթե խաբես անգամ,
Շնորհակալ եմ քեզանից
Հարյուր, հազար անգամ:


Վահագն Դավթյան

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


Ցավն իմ տաք է դեռ, ու գիտեմ,
Որ կսկիծն այրող հետո պիտի գա...
Ես դուրս եմ գալիս,
Աշխարհի բոլոր ճանապարհները փռված են իմ դեմ,
Լոկ քեզ մոտ գալու ճանապարհ չկա:
Ցավն իմ տաք է դեռ,
ՈՒ ես ափիս մեջ
Կարողանում եմ դեռ սեղմած պահել
Իմ ճեղքված սրտի երկու կեսերը:
...Ո՛չ, դու չիմացար, թե իմ բախտի մեջ
Ինչ էր քո սերը,
Չիմացար, հոգիս, որ քո հայտնության հրաշքից հետո,
Ես հաճախ էի բռնում ինքս ինձ
Քարը,
Կանաչը,
Հողը շոյելիս,
Փողոցով անցնող զույգերի առաջ
Իմ գորովանքի քողը փռելիս,
Աստղի դեմ,
Ծաղկի,
Տիեզերքի դեմ
Հիացմունքի մեջ անզոր լռելիս:

ԵՐԱԶԻՍ ՄԵՋ ԱՅՍՕՐ

Երազիս մեջ այսօր քեզ հետ էի նորից,
Նորից քեզ հետ էի, իմ հեռավոր…
Մենք բարձրանում էինք անձրևաթաց ձորից,
Թրջված, ցողաթաթաղ ու բախտավոր:
Դու նույն աղջիկն էիր, այնպես նուրբ ու բարակ,
Անսեթևեթ այնպես, այնպես բարի,
Դու նույն աղջիկն էիր՝ մազերդ հյուս արած,
Ամենալավ աղջիկն այս աշխարհի
Դեռ հողմը չէր անցել սիրո դաշտով պայծառ
ՈՒ չեր տարել իր հետ ոչ մի ծաղիկ,
Դեռ անծանոթ էիր դու խաղերին քո չար,
Ես անծանոթ էի խանդի ցավին:
Շուրջը ծաղկած ծառերն անուշ բուրում էին,
Երկնքի մեջ կապույտ՝ և ոչ մի ամպ,
Ես քեզ շոյում էի, քեզ համբուրում էի
ՈՒխտավորի սիրով ու սրբությամբ:
ՈՒրախ լալիս էին առուները հորդած,
Արևի տակ պայծառ՝ հողն էր մխում…
… Ես արթնացա քնից՝ դրսում աշուն էր թաց,
ՈՒ անձրևն էր լալիս մեղմ ու տխուր..


ՔԵԶ

Չէիր եկել դու դեռ, դեռ ինձ համար կյանքում
Դու չկայիր անգամ, միակ իմ սեր,
Բայց իմ պատանության թախծոտ երազանքում
Ես քո պատկերն էի լույսից հյուսել:
ՈՒ դու եկար հանկարծ, եկար անակնկալ,
Եկար որպես գարնան շունչը մաքուր,
Հպարտորեն եկար ու քնքշորեն եկար,
Եկար որպես մուսա ու որպես քույր:
Մոլորվել էր գիշերն աչքերիդ մեջ խորին,
Դողում էր քո կրծքին ծանր մի ծամ,
Դու նրբիրան էիր, որպես բարակ լորին,
Թեթև էիր որպես սարի այծյամ:

Անծանոթ Ծես

Եվ ահա նորից մենք հանդիպեցինք: 

Իմ ու քո միջեւ հողմեր են շաչել,
Եվ տառապել է մեր բաժանումի
Օվկիանոսը մութ:
Եվ սակայն` հրաշք,
Դու առաջվա պես դեռ շիկնել գիտես
Եվ առաջվա պես գեղեցիկ ես դեռ:

Եվ այլ մի հրաշք` ասելիք չունենք:
Այդպես երեւի ծովերն են լռում
Փոթորկից հետո,
Այդպես երեւի անտառն է լռում
Մայրամուտի դեմ,
Այդպես լռում է այն տունը լքված,
Ուր կատարվել է թաքուն ու մթին
Մի ողբերգություն:

Եվ այլ մի հրաշք`
Մեր հարազատի - խանդի մահը սեւ
Մեզ հարազատ է դարձրել ավելի:
Եվ ես ուզում եմ շոյել քնքշորեն
Քո սպիները, որ ես եմ թողել,
Եվ դու երեւի ուզում ես շոյել
Այն վերքերը հին որ թողել ես դու:

Եվ իմ ու քո մեջ ծավալվում է լուռ
Մի զարմանալի սրբագործություն,
Կամ բոլորովին անծանոթ մի ծես,
Որ անուն չունի...


Վահագն Դավթյան

Այն կինը

Այն կինը, որի մատները պիտի
Բռնեի դողով,
Որի աչքերում
Գլխապտույտս պիտի օրորվեր,
Ինչ-որ տեղ հիմա երևի մենակ
Ու շատ է մենակ,
Եվ չկա մեկը,
Որ աստվածացնի
Նրա մատների քնքշությունը թույլ:

Եվ այն խոսքերը,
Որ երբևիցե չեմ ասի նրան,
Շուրթերիս վրա մեռնում են դանդաղ...


Վահագն Դավթյան

Սպասեցի քեզ

Սպասեցի քեզ, իմ լավ,
Սպասեցի քեզ այնքան,
Մինչև լուսինը ելավ-
Մեր հին սիրո հին վկան:

Օրորում էր աստղերում
Բարդին կատարը իր սուր,
- Չի գա,- խշշում էր առուն,
Հովը շրշում էր- իզու՜ր...

Ու ես նստել էի լուռ,
Տխուր նստել մի քարի,
Իմ կարոտն էր օրորում
Մի հինավուրց չինարի:

Սպասեցի քեզ այգում,
Սպասեցի քեզ այնքան...
...Առվի զուլալ ջրերում
Փշրվել էր լուսնկան:

Վ.Դ.1944թ

***

Ինչ-որ տեղ հիմա
Շրջում է սերը ...
Ոտաբոբիկ է,
Մերկ են ուսերը:

Սև աչքերի մեջ
Լույս է ու թախիծ,
Ու տաք ծոցի մեջ
Բույր կա փեթակի:

Եվ տվայտում է
Կարոտս ամպած,
Ախ, սերը կույր է,
Կգտնի՞ ճամփաս ...


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Դու կհեռանաս,


Դու կհեռանաս, ու թղթերիս մեջ
Երգեր կմնան տխուր ու ցավոտ,
Երգեր` կարոտի արցունքների պես,
Ու երգեր, որպես տրտմության աղոթք:

Գուցե փառք բերեն այդ երգերը ինձ,
Սակայն առանց քեզ ինչպես այն կրեմ,
Փառքի ծիրանին ինձ պետք է, հոգիս,
Որ ես քնքշորեն ոտքիդ տակ փռեմ..


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Եթե հարցնես...

Իմ հպարտ, իմ սեր,
Եթե հարցնես, թե ինչպե՚՚ս եղավ, որ քեզ սիրեցի,
Ոչինչ չեմ ասի,
Քանզի չգիտեմ,
Թե ձյունն ինչպես է փոխվում ձնհալի,
Թե ցայգածաղիկն ինչպես է բացվում ծերպերին լեռան,
Եվ ծովի խորքում ինչպես է ծնվում հակինթը շողուն...
Եվ սակայն կասեմ.
Իմ ձնհալն ես դու,
Ցայգածաղիկը
Եվ իմ հակինթը՝ ծովերից հանված:

Իմ խոնարհ, իմ սեր,
Եթե հարցնես, թե ես ինչպես եմ հասակդ սիրում,
Ոչինչ չեմ ասի,
Միայն կպատմեմ բաղեղի մասին,
Որ մերկ լորենու հասակն է զուգում,
Կպատմեմ նաև ծովի խենթացած ալիքի մասին,
Որ փշրվում է ավազի վրա...
Եվ հետո կասեմ.
Իմ լորին ես դու,
Իմ ավազն ես տաք:

Իմ քնքուշ, իմ սեր,
Եթե հարցնես, թե ես ինչպես եմ սիրում քո հոգին,
Ոչինչ չեմ ասի,
Կպատմեմ միայն ես Փարվանայի այն լեգենդը հին,
Կպատմեմ նաև,
Թե վայրի գազանն ինչպես է գերվում
Եղջերափողի դյութական ձայնից...
Ու հետո կասեմ,
Իմ կրակն ես դու,
Եղջերափողի ձայնն ես դյութական:

Վ. Դավթյան

Քոնն է մեկընդմիշտ

Քոնն է մեկընդմիշտ,
Քոնն է այն ամենն, ինչ ունեմ կյանքում
Եվ ինչ երբևէ ունենամ պիտի:
Բայց ամենից շատ ու ամբողջովին
Քոնն է սրտիս մեջ աննկատ բացվող
Այն տխուրաչյա կապույտ ծաղիկը,
Այն կապույտ բոցը,
Որի անունը կարոտ է...
Այո,
Քոնն է մեկընդմիշտ 
Այդ կապույտ բոցը,
Այդ տխուրաչյա կապույտ ծաղիկը՝
Ամենաթանկը, ինչ ունեմ կյանքում:

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Ես չկանչեցի

Ես չկանչեցի, դու ինքդ եկար, 
Եկար նազանքիդ բեկումով փխրուն, 
Եվ թարթիչներիդ թախիծը թեքած, 
Նստում էիր լուռ ու ինձ հետ տխրում։

Ու ես, որ կյանքում զատել գիտեի 
Եվ մեղքի շողքը, և սերը արդար, 
Քո աչքերի դեմ կարկամում էի 
Եվ անզոր էի հայացքդ կարդալ։

Մերթ դողում էր նա իբրև սև արցունք,
Մերթ վառում թաքուն ու կանչող լույսեր,
Դու՝ ոտից գլուխ մի խրթին հարցում,
Դու՝ ոտից գլուխ տառապանք ու սեր։

Եվ ինչո՞ ւ եկար, ի՞ նչ էիր ուզում,
Ինչո՞ ւ հեռացար... Չգիտեմ ոչինչ։
Եվ հիմա հեռվից տենդորեն հուզում,
Այրում են հեռվից աչքերը քո ջինջ։

Քեզնից մնացած այս թախիծը խոր
Մթնով զարթնում է ու լուռ հեծեծում...
Նա քո՛նն է նաև, նա մանուկ է որբ
Ու որբի նման քո դուռն է ծեծում։


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Եկ բաժանվենք

Ժամն է արդեն, սիրելիս, եկ բաժանվենք մենք անձայն,
Ամեն մեկս մեր բախտին ու կորստին մեր հլու...
Ամառային խելահեղ այն ամպրոպները անցան
Սիրտս խաղաղ է հիմա և ուժ ունի ներելու...

Աշնան հավքերը չվել, կարկաչել են երկնքով,
Եվ հոգնաբեկ ծառերից քամին տերև է տանում,
Համբուրելով է տանում ու տանում է քնքշանքով
Ու տանում է նա այնպես, ասես շնորհ է անում:

Այս կորստի ցավի հետ ես մտերիմ եմ վաղուց,
Ծանոթ ու լավ եմ ծանոթ, աշնան քամու արածին...
Ինչ տխո՜ւր է, երբ բարակ, անգույն անձրև է մաղում,
Երբ խանդի շանթը չկա, ու ներում են սիրածին...

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

ՈւՒ ՑԱՎՈՒՄ ԵՍ, ՍԻՐՏ.

Սիրտ իմ, հաճախ ես ցավել դու կյանքում,
Ցավել ես սիրուց, կորստից ցավել,
Տանջել է հաճախ քեզ կարոտն անգութ,
Հաճախ զղջումով մեղքեր ես քավել,
Սակայն ամոքվել և ապաքինվել,
Ասես հրաշքով նորից ես ծնվել
Ու բախել նորից դաշնորեն ու հաշտ...
Սակայն մի ցավից, ցավից մի անհուն,
Որ գուցե կյանքում չունի և անուն,
Չես ապաքինվում դու այսքան տարի...
Սիրտ իմ, լի~ ես դու, լի~ ես աշխարհի
Բոլոր գույներով, բոլոր ձայներով,
Բոլոր հողմերով, ծիածաններով,
Աշխարհի լավո'վ,
Աշխարհի ցավո'վ,
Լեցուն այնպիսի սուրբ հրաշքներով,
Որ եթե հանկարծ դու կարողանաս
Ու այդ հրաշքներն աշխարհին բանաս,
Շլանա պիտի հայացքն աշխարհի...
Բայց տառապում ես դու այսքան տարի
Եվ այդ ամենի մի երանգն անգամ,
Հեռու հեռավոր արձագանքն անգամ
Չե'ս կարողանում հետ տալ աշխարհին
ՈՒ ՑԱՎՈՒՄ ԵՍ ՍԻ'ՐՏ...

Վահագն Դավթյան

Ասում են

Ասում են հին վերքն հաճախ է ցավում,
Երբ եղանակը ամպոտ է ու վատ...
Բայց գարունն այսօր այնպես արևում,
Փռում է լույսի հրճվանքն անարատ:

Ծիծառներն այնպես հարբա՜ծ են թևում,
Այնպե՜ս է շիկնել ծաղկած դեղձենին,
Որ ես չգիտեմ, ինչո՞ւ է նվում
Սիրտն իմ, որի մեջ բեկոր կա մի հին:

... Ե՞րբ է գարունն այս դառնալու ամառ,
Որ խաղաղ զարկի սիրտն իմ խենթացած,
Վա՜տ եղանակ է սա սրտի համար,
ՈՒր հին բեկոր կա սիրուց մնացած:



ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Այնպես մի անի

Այնպես մի անի, որ ես ուրանամ իմ սրբությունը, 
Այնպես մի անի, որ սրտիս համար արդեն մեկ դառնա, 
Թե ում ոտքի տակ դնի իր սերն ու իր քնքշությունը, 
Եվ ում համբուրեն իմ շրթունքները՝ ծարավից արնած։

Իմ հավատն էիր...
________Բայց այսօր ցավի ամպերը խավար
Կարկուտ են տեղում ու թափում սիրո ծաղիկ ու թերթեր.. 
Դու գիտե՞ս արդյոք, թե ինչ ասել է կորցնել հավատ, 
Եվ ինչ ասել է փշրել այն կուռքը, որ ինքդ ես կերտել։



ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Եվ ամեն անգամ

Եվ ամեն անգամ քեզ հանդիպելիս,
Ես թեթևակի բարև եմ տալիս...
Ու անցորդներին այնպես է թվում,
Թե մենք հազիվ ենք իրար բարևում:
Չգիտեն նրանք և ի՞նչ իմանան,
Որ կանգ է առնում սիրտն իմ մի վայրկյան,
Որ ես քայլերս եմ մի պահ շփոթում,
Մոռանում աշխարհն, օդ փնտրում օդում...
...Բայց անցորդներին այնպես է թվում,
Թե մենք հազիվ ենք իրար բարևում:


Վահագն Դավթյան

Կեսն է գիշերվա.

Կեսն է գիշերվա...
Կուզեի այնպես ես քո տունը գալ,
Տեսնել շփոթմունքն ու շիկնանքը քո,
Հոգնած ամպի պես
Իմ կարոտները կրծքիդ հեկեկալ
Եվ սրտիս նման դողացող ձեռքով
Մատնե՜րդ շոյել,
Բազուկներիս մեջ
Քո փխրուն ու տաք նազանքն օրորել...
Իմ քնքշանքների թավիշն անարատ,
Իմ թախիծների կապույտն ալիքվող,
Իմ արցունքների կայծկլտումը տաք
Ու տառապանքիս բոսորը փռել հայացքիդ ի տես,
Ասել, որ դու ես տերն այդ բոլորի,
Սակայն չգիտես: 



ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

ՈՒ ԵՍ ԳԻՏԵՄ

ՈՒ ես գիտեմ,
Պիտի անվերջ
Կանչես այդպես ու հեռանաս,
Պիտի անվերջ թվաս մոտիկ,
Բայց և հավետ լինես անհաս,
Լինես ծարավ
ՈՒ ոգու քաղց,
Տագնապի պես ինձ հետ թևես,
Մերթ ինձ այրես պիտի տենդով
ՈՒ մերթ վրաս լուռ անձրևես...
Պիտի անվերջ
Քո կարոտի
Հրաշք հավքը վրաս հսկի
ՈՒ թևերից իր կապուտակ
Պիտի մաղի ցավ ու կսկիծ...
ՈՒ ես քայլեմ պիտի անվերջ
Գլխապտույտ վիհի ափով,
Հարբած լույսով,
Մութով հարբած,
Հարբած սիրով ու տագնապով...
Կարոտներով ու ցավերով
Ճանապարհս պիտի ցողեմ,
Բայց և հավետ,
Բայց և հավետ
Օրհնանքներով քեզ ողողեմ...

Վահագն Դավթյան

ՍՐՏԻՍ ԶԱՐԿԵՐԸ և ԺՊԻՏԸ ՔՈ...

Գլուխդ կրծքիս շնչում ես դու մեղմ,
ՈՒ ես չգիտեմ,
Ննջում ե՞ս արդեն
Թե խոնջ քնքշուտյամբ կոպերդ փակած,
Սրտիս զարկերն ես լսում դու լռին.
Իսկ ի՞նչ են ասում զարկերն իմ սրտի...
Ասում են:
-Հոգիս, ես սիրում եմ քեզ,-
Ասում են սակայն զգում են նայև,
Որ այդ խոսքերով չեն ասում վոչինչ...
Լռում են մի պահ, նոր խոսք վորոնում
Եվ չգտնելով, կրկնում են նորից.
--Ես սիրում եմ քեզ...
ՈՒ դա երևի
Եվ ամենահին,
Եվ ամենանոր,
Եվ ամենալավ երգն ե աշխարհի.
Իսկ ի՞նչ է ասում ժպիտը քո լուռ...
Ասում է:
-Սակայն այս խոսքերը դու
Շատ շատերին ես ասել, սիրելիս...
Զարկերն իմ սրտի ասում են:
-Այո.

пятница, 23 августа 2013 г.

***

Ամպի մի պատառ արևն է ծածկում.
Ակնոց է դնում արևը կարծես:

Ես անակնո՜ց էլ պարզ տեսնում եմ քեզ
Եվ զգում եմ քեզ ինձ այնքա՜ն մոտիկ,
Որ կարծես նույնիսկ քո շունչն եմ շնչում,
Մինչդեռ դու ինձնից հեռո՜ւ ես այնքան,
Որքան կիկլոպը՝ այս լուսանիշից:
Բայց մեզ կապում է մի ո՜ղջ պատմություն,
Փառահե՛ղ, անմե՛ղ, անմե՛ռ պատմություն,
Եվ մի «բարի լույս», որ չունի՜ վախճան:
Նա պիտի հնչի մեզնի՛ց էլ հետո
Եվ այնպե՜ս հնչի,
Որ մերպեսները
Նո՛ւյն փաղաքշանքից միշտ փշաքաղվեն,
Նո՛ւյն նվաղումով սարսըռան տաքուկ,
Ինչպես բույսերը՝ մութ երկրաշարժից:
-Բարի լո՛ւյս, իմ կյա՛նք և իմ... պատմությո՜ւն...


 SEVAK

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...